1. Ինչպե՞ս կարելի է հետաքրքրություն և թարմություն մտցնել սեռական հարաբերություններում։ Վերջերս զգում եմ, որ միապաղաղությունը ձանձրացրել է երկուսիս էլ:
Սեռական կյանքում ձանձրույթը խոսում է զուգընկերների միջև սեռական շփման մակերեսային մակարդակի մասին. այսինքն՝ սեռական շփումն իրենից ներկայացնում է զուտ մարմնական փոխազդեցություն, որը, բնականաբար, միապաղաղ է, քանի որ մարմինը միշտ նույնն է: Նույն սեռական գրգռիչը ժամանակի ընթացքում չի առաջացնում նույնատիպ ռեակցիա, քանի որ դա նյարդային համակարգի պաշտպանական օրինաչափ դրսևորում է: Թվում է՝ կիրքը մարում է ժամանակի ընթացքում, բայց դա այդպես չէ: Սեռական կյանքին, բացի մարմնից, մասնակցում է նաև մարդու հոգեկան աշխարհը: Եթե մարմնից հնարավոր է ձանձրանալ, ապա հոգևոր աշխարհը սեռական կյանքում բացում է անսահման լայն հնարավորություններ, տալիս սեռական խոր ինքնաճանաչում, բացահայտում սեքսուալության և սեռական հաճույքի բազմերանգությունն ու անսպառ հարստությունը: Ամբողջ խնդիրն այստեղ վերաբերմունքի փոփոխությունն է, վերաբերմունք սեռական հարաբերության և սեփական սեքսուալության նկատմամբ: Խորհուրդ կտամ աշխատեք ձեզ վրա՝ խորացնելով սեռական ինքնաճանաչումը։ Դա միանշանակ ավելի արդյունավետ է, քան սեռական դիրքի կամ արտաքին պայմանների փոփոխությունը:
2. Ամուսինս 5-6 ամսով մեկնում է արտագնա աշխատանքի։ Նման երկար ժամանակով սեռական կյանքի դադարեցումը կազդի՞ իմ առողջության վրա։
Իհարկե, կանոնավոր սեռական կյանք ունենալու դեպքում սեռական կյանքի ընդհատումը կստեղծի որոշակի անախորժ զգացողություններ, հատկապես եթե սեռական կյանքում դու վայելում էիր լիակատար բավարարվածություն: Բայց օրգանիզմն ունի ինքնապաշտպանական մեխանիզմներ. որոշ ժամանակ անց այն կհարմարվի առանց սեռական կյանքի ապրելուն, և դու համեմատաբար հանգիստ կտանես սեռական կյանքի բացակայությունը: Սեռական ցանկությունը չի անհետանա, և սեռական գրգռման ապրումներ դու կունենաս, բայց դրանցից վախենալ պետք չէ: Հարկավոր է, որ դու չկենտրոնանաս սեռական գրգիռների վրա և տեղի չտաս սեռական ապրումներին` ուշադրությունդ ուղղորդելով մտավոր ակտիվության և կամային դրսևորումների վրա. ասենք՝ հրաշալի կլինի նոր լեզու սովորելը կամ սպորտով կանոնավոր զբաղվելը:
3. Ամուսնացել եմ 5 ամիս առաջ, և արդեն մեկ ամիս է, ինչ հղի եմ: Հղիությունը նորմալ եմ տանում, սակայն ես և ամուսինս սեռական հարաբերություն չենք ունենում, քանի որ ամուսինս չի ցանկանում վնասել ինձ և երեխային: Ամուսինս նշում է, որ ինքը կարող է դիմանալ և 9 ամիս ապրել առանց սեռական կյանքի։ Նրա դիրքորոշումը տարօրինակ էր ինձ համար, մինչև որ նկատեցի, որ գիշերը, երբ ես քնած եմ, նա հեռուստացույցով ֆիլմեր է դիտում և, ձեռնաշարժությամբ զբաղվելով, ինքնաբավարարվում է: Ես նրա հետ այդ թեմայով չեմ խոսել և չգիտեմ էլ նույնիսկ՝ ինչպես խոսեմ: Արդյո՞ք նա խուսափում է ինձանից, կամ ես նրա համար այնքան էլ հաճելի չեմ։
Նախ՝ դու պետք է իմանաս, որ քո ամուսնու սեռական վարքը ոչ մի ձևով գնահատական չի տալիս քո սեքսուալությանը. դա չի նշանակում, որ դու ցանկալի կին չես: Հարկավոր է իմանալ նաև, որ հղիությունը հակացուցված չէ սեռական կյանքին, և սեռական հարաբերությունը չի կարող վնասել պտղին. կարիք չկա 9 ամիս զերծ մնալ սեռական մերձեցումից:
Գուցե նա դիմում է սեռական ինքնաբավարարման այդ տարբերակին՝ ելնելով հղիության հետ կապված իր թյուր պատկերացումներից, բայց հնարավոր է նաև, որ հղիությունը պարզապես հարմար առիթ է ինքն իրեն արդարացնելու և իր նախընտրած տարբերակով սեռական բավարարում ստանալու համար: Վերջին դեպքում գործ ունենք լուրջ սեքսոլոգիական խնդրի հետ: Ամուսնացած տղամարդու վարքը, ով գերադասում է այլ տեսակի սեռական ակտիվություն, երբ ունի իր կնոջ հետ ռեալ հարաբերվելու հնարավորություն, նորմալ չի համարվում: Իսկ վիրտուալ սեռական ակտիվության վտանգները շատ լուրջ են և կարող են տանել հոգեսեռական առողջության ամենածանր խանգարումների: Սա անհանգստանալու լուրջ պատճառ է, վիճակ, որը համարվում է կպչուն-սևեռուն սեքսոլոգիական նևրոտիկ խանգարում:
4. Սեռական հարաբերության ժամանակ չեմ զգում ոչինչ, հաճույքի ոչ մի նշույլ։ Դա ազդում է իմ հոգեբանության վրա՝ բազմաթիվ խնդիրներ առաջացնելով։ Խնդրում եմ, օգնեք ինձ ազատվելու այդ խնդրից։
Այն, ինչ ներկայացնում ես, մասնագիտական լեզվով՝ սեռական անհեդոնիան, սեքսոլոգիական խնդիր է, որի հիմքում ընկած են հոգեհուզական արգելակումները: Ամեն անգամ, երբ մարմինդ պետք է սեքսուալ արձագանք տա, տագնապային լարվածությունը գործի է դնում նյարդային կենտրոնների այն շղթայական ակտիվացումը, որը բերում է նշված հոգեհուզական բլոկների ակտիվացմանը և սեռական անզգայության առաջացմանը:
Սեռական հաճույքի բացակայությունը ենթակա է բուժման։ Դու ոչ մի կերպ մեղավոր չես, որ քեզ մոտ նման խնդիր կա: Հարկավոր չէ ամաչել կամ բարդույթավորվել. դա ի սկզբանե գալիս է մեր հասարակական, պատմամշակութային, ավանդական բարքերից և նաև՝ կանանց սեռական օրգանների կառուցվածքային առանձնահատկությունից:
Լուսանկարը ըստ Shutterstock-ի